Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Երվանդ Մանարյանի կրտսեր եղբայրը՝ Արման Մանարյանը, ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 15-ին Թեհրանում։ 1949 թվականին ներգաղթել է Հայաստան։ Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա ուսումը շարունակել Երևանի պետական կոնսերվատորիայում։ Սովորել է  նաև Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ), որի ռեժիսորական բաժինն ավարտելուց հետո նվիրվել է կինոֆիլմերի նկարահանման գործին։ 1961-ին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը։ Դրանից հետո «Կարինե» (1967), «Հեղնար աղբյուր» (1971), «Վերադարձ» (1972), «Մորգանի խնամին», «Բյուրականի աստղադիտարանը» և այլ կինոնկարներ։ Գրել է նաև ֆիլմերի սցենարներ։

Արման Մանարյանը նաև «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է։ Մուլտֆիլմի սցենարը թեև գոյություն է ունեցել դեռևս 1995-ից, սակայն նկարահանումները սկսվել են միայն 2001 թվականից և ավարտին հասցվել 2009 թվականին։ Տարեկան հնարավոր է եղել ավարտել ընդամենը 10 րոպեանոց հատված։ «Սասնա ծռեր» մուլտֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Արման Մանարյանն է, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը։ Կոմպոզիտորը Արման Մանարյանի որդին է՝ Հայկ Մանարյանը, և դաշնակահար ու կոմպոզիտոր Խաչիկ Սահակյանը։ Արտադրությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի։ «Սասնա ծռերի» հերոսների ձայները հնչյունավորել են դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը, Երվանդ Մանարյանը և ուրիշներ։ Մուլտֆիլմում նաև Խորեն Աբրահամյանի ձայնն է հնչում։ Մանարյանը 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի։